Դու Թուրքիայի «ծայրագավառն» ես, քո «ծայրագավառությամբ» մի դատիր ուրիշներին. Թևանյանը՝ Փաշինյանին
Չեմ ուզում վախեցնել, բայց հաշված օրերից Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով՝ իրենց անելքն այսօր Երևանում է և այն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից:
Ընդդիմադիր գործիչը դարձյալ կրկնեց, որ իրենց պայքարն աթոռի համար չէ, այլ խնդիրը Հայաստանի լինել- չլինելն է:
«Մենք առանց երկմտելու և վարանելու ամենօրյա ռեժիմով պետք է պայքար մղենք, որ Երևանը խրամատ չդառնա, որպեսզի Երևանը Շուշիի օրը չընկնի: Եթե պայքար չմղենք կկորցնենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը, բայց մենք դատապարտված են հաղթանակի և միասնական ջանքերով պետք է հասնենք այդ հաղթանակին» ,- ասաց նա:
Անելիքների մասին խոսելիս Անդրանիկ Թևանյանը նշեց, եթե հրապարակում հավաքվի 100 հազար մարդ, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական:
«Այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, մենք կողմնակից ենք, որ նա անցնցում հեռանա, դրա համար ժողովորդը պետք է մաքսիմալ մոբիլիզացվի: Ես պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ, ՔՊ-ականների հետ, որ նա անցնցում հեռանա: Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, թե ինքը Հայաստանի ինքնիշխանության կողմնակից է, իսկ մյուս կողմը ծայրագավառ լինելու: Ա՛յ «ծայրագավառ», դու Թուրքիայի «ծայրագավառն» ես, ու քո «ծայրագավառությամբ» մի դատիր ուրիշների մասին: «Ծայրագավառ» եղել ես, «ծայրագավառ» էլ կմանաս» ,-նշեց ազգային կոմիտեի անդամը՝ պնդելով, որ իրենք հանուն իրենց հայրենիքի և իրենց սերունդների ապագայի են ոտքի ելել:
Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղվանից նոր թափ են հաղորդում համազգային գործադուլին։
«Եթե համազգային բնույթ չստանա, անվանական գնալու են բոլոր ընկերություններ՝ սկսած խոշորներից։ Այնուհետև նա նշեց այն անհատների ու ընկերությունների անունները, որոնք միացել են գործադուլին» ,-ասաց նա;
Թևանյանը նաև հայտնեց, որ վաղը վաղ առավոտից դարձյալ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու քաղաքի բոլոր վարչական շրջաններում։










