Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկվածները որևէ խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայտարարությունը

20:56 • 26.09.23

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ոստիկանության կողմից ուսանողներին բերման ենթարկելու դեպքին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիր բերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 ուսանող։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են կարմիրբերետավորները համալսարանի բակից բերման ենթարկում մի խումբ ուսանողների։

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկվածները որևէ խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայտարարությունը