Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ստեփանակերտում պայթյունի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X սոցկայքի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով երեկ երեկոյան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունին:
«Իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը», - գրել է Կոլոննան:
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենահնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։










