Արցախի համար մեր տղաներն իրենց կյանքն են տվել, բայց ղեկավարությունն այդ հողին տիրություն չարեց․ զոհվածի հայր (տեսանյութ)
Արցախի շուրջ կատարվող վերջին իրադարձություններից 44-օրյայում զոհված զինծառայողի հայր Գագիկ Շաբոյանը դեռ ուշքի չի գալիս։ Նրա խոսքով՝ որդին ու մյուս տղաներն իրենց կյանքը չխնայեցին Արցախի համար, բայց քաղաքական ղեկավարությունն այդպես էլ այդ հողերին տիրություն չարեց։
Արցախյան 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցն է։
Tert.am-ն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և զրուցել իրենց որդիների շիրիմներին այցելող ծնողների հետ։
«Ասում են՝ Արցախի համար բան չեք արել, ո՞նց չենք արել, մեր տղաներին ենք տվել, դրանից ավելի էլ ինչ անեինք, իշխանությունները չուզեցին այդ հողը պահել»,- նկատեց մեր զրուցակիցը։
Իսկ արցախյան առաջին պատերազմի մասնակից, 44-օրյայում 2 որդիներին կորցրած Վահան Բադալյանն էլ ասում է, որ դեռ այն ժամանակ, երբ տարածքներն էին ազատագրում, հստակ գիտեին, որ այն Ադրբեջանին են վերադարձնելու։
Այսօր նա հայտարարում է, եթե Արցախը պետք է հանձնեին, ինչո՞ւ անմեղ տղաներին զոհեցին։










