Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան Ֆան Յոն

10:52 • 28.09.23

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Չինաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հավատարիմ գործընկերներ են։ Չինաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը, իսկ երկկողմ առևտրի ծավալը շարունակում է աճել։

Չինաստանի կողմից իրականացվող այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու և Կապսի ջրամբարի կառուցումը, սահուն առաջ են ընթանում, իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարների կառուցման ծրագիրը, որը նույնպես իրականացվում է Չինաստանի կողմից, նոր առաջընթաց է գրանցել: Հայաստանը կմասնակցի նաև այս տարվա նոյեմբերին Շանհայում անցկացվող Ներմուծվող ապրանքների և ծառայությունների 6-րդ ազգային ցուցահանդեսին։ Մենք ողջունում ենք հայ ձեռներեցների ակտիվ մասնակցությունը չինական ցուցահանդեսներին:

Չինաստանն ու Հայաստանը մշակութային փոխանակման ոլորտում մտերիմ ընկերներ են հանդիսանում։ Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ չինարեն սովորողների թիվը գերազանցում է 4000-ը։ 

Երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը շարունակում է խորանալ։ Ցինտաո և Երևան քաղաքները հաստատել են բարեկամական հարաբերություններ, Անհուեյ նահանգը և Վայոց ձորի մարզը, ինչպես նաև Հեֆեյ և Եղեգնաձոր քաղաքները ստորագրել են բարեկամական կապերի և համագործակցության հուշագրեր»,- նշեց դեսպանը շնորհավորական իր ուղերձում: 

Նա ընդգծեց՝  Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ օգտագործելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և «Երեք գլոբալ նախաձեռնություններ»-ի իրագործումը՝ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և վերջիններիս միջև բարեկամության և համագործակցության նոր փուլ սկսելու համար։

Դեսպանի խոսքով՝ Չինաստանի զարգացումն ուղղված չէ միայն սեփական շահերին, այն նպաստում է ողջ աշխարհի ընդհանուր զարգացմանը։ Չինաստանի զարգացման մոդելը հզոր ազդակ է հաղորդում աշխարհին և այլ երկրներին նոր հնարավորություններ է տալիս սեփական զարգացմանը հասնելու համար: Չինաստանը վճռականորեն հավատարիմ է աշխարհի անկախ արտաքին քաղաքականությանը, ձգտում է խաղաղության ու զարգացման և նպաստում է նոր տեսակի միջազգային հարաբերությունների ստեղծմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, արդարության և փոխշահավետ համագործակցության վրա:

 

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան Ֆան Յոն