Մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու․ Գնել Սանոսյան
Ստեղծել ենք հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քանի բնակիչ է ավելացել։
Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի»-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Վերջինիս տեղեկացմամբ՝ 70,500 բռնի տեղահանվածներից 13,922-ը որևէ համայնքում հաշվառվել և տեղակայվել է։
«Հանրապետության 64 համայնքներում ստեղծել ենք տեղակայման կենտրոններ, տեղահանված քաղաքացին տվյալ համայնքում հայտնվելու դեպքում, կարող է դիմել այդ կենտրոն, հաշվառվել և ներկայացնել իր կարիքները։ Նրանց կարիքների գնահատում և հաշվառում կիրականացվի»,- մանրամասնեց նախարարը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ արցախցիներ չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերն, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ բոլորին են կացարան տալու։
«Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կարող են տեղակայվել, մինչև մտածենք երկարաժամկետ տեղակայման վայրերի մասին»,- նշեց նա։
Սանոսյանը նաև ասաց, որ կառավարությունը պատրաստվում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։










