Ուշադիր հետևում ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալման շուրջ իրավիճակին. Պետդեպ

09:55 • 28.09.23

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման շուրջ իրավիճակին. այս մասին հայտնիէ  դարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի ճեպազրույցից:

«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ես այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- ասել է խոսնակը:

Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի նախկին պետնախարարը ձերբակալվել է Արցախից դուրս գալու փորձի ժամանակ: Հաջորդիվ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ Հաղորդվել է, որ նրան տեղափոխել են Բաքու:

Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես էր եկել հայտարարությամբ.«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»:

 

Ուշադիր հետևում ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալման շուրջ իրավիճակին. Պետդեպ