Լեմկինի ինստիտուտն աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության համար

19:37 • 29.09.23

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։ X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում արված գրառման մեջ, ինստիտուտը նաև աշխարհի առաջնորդներին է մեղադրել ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության համար։

«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», - նշված է գրառման մեջ:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք է համաձայնեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։

Ըստ ինստիտուտի հայտարարության՝ «Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ»։

«Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել՝ նպաստելով Ալիևի անպատժելիությանը ցեղասպանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանք վարվում են այնպես, որ հնարավոր են դառնում նրանց հանդեպ ոչ միայն ցեղասպանության մեղսակցության մեղադրանքները, այլև հանցագործությանն օժանդակելու և դրդելու մեղադրանքները», - ասված է գրառման մեջ։