ԼՂ-ից տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման համար ակնկալվում է միջազգային օժանդակություն. Փաշինյանը՝ ԵՄ դեսպանին

16:36 • 02.10.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ:

Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:

ԼՂ-ից տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման համար ակնկալվում է միջազգային օժանդակություն. Փաշինյանը՝ ԵՄ դեսպանին