ԼՂ-ն լքած hայերը կպահպանեն Ադրբեջшն վերադառնալու իրավունքը․ Ալիևի ներկայացուցիչ

23:50 • 03.10.23

Լեռնային Ղարաբաղը լքած հայերը կպահպանեն Ադրբեջան վերադառնալու իրավունքը։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ֆրանսիական Radio J ռադիոալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։

«Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am-ի) հենց սկզբից Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է խաղաղ բնակչությանը, որ իրենք չեն եղել այդ ռազմական գործողությունների թիրախը։ Միգուցե քաղաքացիական բնակչությունն այնքան էլ վստահ չէր իրենց անվտանգության մեջ այն բանից հետո, ինչ «ապօրինի անջատողական կազմակերպությունը» (չակերտները՝ Tert.am-ի) հանձնեց ամբողջ զինամթերքը», - նշել է Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ «վերջին շաբաթվա ընթացքում նույնիսկ բազմաթիվ փորձեր են եղել ազդելու բնակչության վրա, որպեսզի նրանք չլքեն իրենց տները»։

«Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ մարդասիրական օգնություն, էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Նման կոչեր են հնչել ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի նրանց շրջանում խուճապ չլինի։ Ճիշտ է՝ տները լքելու որոշումն իրենց անձնական և կամավոր որոշումն է։ Մենք ցավում ենք դրա համար և ևս մեկ անգամ հայտարարում, որ նրանք պահպանում են իրենց տները վերադառնալու իրավունքը»,- հավելել է Ամիրբեկովը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100,625 բռնի տեղահանված անձ։ 

ԼՂ-ն լքած hայերը կպահպանեն Ադրբեջшն վերադառնալու իրավունքը․ Ալիևի ներկայացուցիչ