Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

15:56 • 03.10.23

Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով»,- ասել է Պեսկովը։

«Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք ի սկզբանե կասկածել և կասկածում ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ճիշտ չէ, մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝  Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Նշենք, որ դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։

Հավելենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:

Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Նշենք, որ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ձերբակալելու օրդեր է տվել: 

Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին