Ֆրանսիան չէ, որ պետք է խոսի պարտականությունները չկատարելու մասին. Զախարովան՝ Կոլոննային
Ֆրանսիան չէ, որ պետք է խոսի Ռուսաստանի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման գործում պարտականությունները չկատարելու մասին. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Հայաստանում արած հայտարարություններին:
«Հիշեցնեմ՝ Ֆրանսիան, ի դեպ, Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման համահեղինկան ու երաշխավորն էր: Ի՞նչ իմացանք պարոն Օլանդից՝ որ նրանք չէին պատրաստվում կատարել պայմանավորածությունները: Եթե Կատրին Կոլոննայի տեղը լինեի, ամեն դեպքում կլռեի երկրների միջև կարգավորման հարցում երաշխիքների և պարտականությունների մասին: Ավելի լավ կաներ, եթե սկզբից Մինսկյան պայմանավորվածություններից զեկուցեր»,-ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում խոսքերից և PRակցիայից բացի այլ բան չեն արել»:
«Նրանք Պրագայում և Բրյուսելում Երևանին համոզել են մոռանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին, ինչի հետևանքն էլ դարձավ ներկայիս ճգնաժամը», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ ԵՄ-ում այդ որոշումն ընդունելիս ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի ամրագրվել ԼՂ-ի կարգավիճակը, դրա բնակիչների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ երեկ Կոլոննան Հայաստանում ասել էր, որ իրենց կարծիքով՝ Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում։
«Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարվել», - ասել էր նա։










