Գրանադայում հանդիպումից հրաժարումն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է. Զախարովա

17:23 • 04.10.23

Գրանադայում կայանալիք հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի հրաժարումը երկրի ինքնիշխան իրավունքն է՝ որոշելու իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որքան հասկանում եմ՝ խոսքը հանդիպման մասին է, որին մենք չենք մասնակցում: Ուստի այս դեպքում հարկ չեմ համարում մեկնաբանել կողմերի որոշումը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանար հոկտեմբերի հինգին՝ իսպանական Գրանադայում՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:  Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարի մերժման պատճառը Ֆրանսիայի իբրև թե «ապակառուցողական դիրքորոշումն է», ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։