Խաղաղ գործընթացը պետք է շարունակվի երեք առանցքային սկզբունքների հիման վրա. եթե Ադրբեջшնը վերահաստատի իր հավատարմությունը դրանց, կարող ենք համարել խաղաղությունը գործնականում կայացած․ Փաշինյան
Անշնորհական գործ է այս իրավիճակում գնահատականներ տալը, որովհետև դրանք, անկախ նրանից՝ որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։
Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հարցին, թե արդյոք Գրանադայում հանդիպումից Ալիևի հրաժարվելու պատճառն իսկապես հանդիպման ձևաչափն է կամ միջնորդները։
«Ամեն դեպքում կարծում եմ՝ այսօր կարևոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի և շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա, որոնք արձանագրված են 2023 թ․ հուլիսի 15-ի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որն արել է Շառլ Միշելը։ Այդ սկզբունքները հետևյալն են․ երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ-ի տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86,600 էկմ», -նշեց Փաշինյանը։
Երկրորդ սկզբունքը, ըստ ՀՀ վարչաետը, այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար։
«Շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա են արվելու դելիմիտացիան ու դեմարկացիան»,- հավելեց վարչապետը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը կարծում է, որ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է տեղի ունենան 1975 թվականի քարտեզների հիման վրա, սակայն այս կարծիքը կարծր չէ, և կարելի է կիրառել նաև 75 թվականից հետո կիրառված քարտեզները, որոնք նախորդի վերարտադրությունն են։
«Երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։ Ես կարծում եմ, որ անկախ միջնորդների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից, եթե Ադրբեջանը հրապարակային ձևով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունը իմ նշված սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք, խաղաղություն ասելով, նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։ Եթե միջնորդների գործոնն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը դնենք մի կողմ և երես առ երես խոսենք Ադրբեջանի հետ, ապա ի՞նչն է խանգարում այդ խոսակցությանը», - հարց հնչեցրեց Փաշինյանը՝ ապա հավելեց, որ խանգարում է այս երեք սկզբունքների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումների անհստակությունը։
«Ես վերահաստատում եմ մեր հավատարմությունն այդ երեք հիմնարար սկզբունքներին։ Եթե այսօր, վաղը կամ մյուս օրը Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարի, որ այս երեք սկզբունքներին իրենք վերահաստատում են իրենց հավատարմությունը, մենք կարող ենք համարել խաղաղությունը գործնականում կայացած», - հավելեց նա։
Ճշտող հարցին, արդյոք կային այդ սկզբունքներն այն պայմանագրում, որն ինքը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում, վարչապետը դրական պատասխան տվեց։
«Դա է ամենակարևորը, առանց այդ երեք սկզբունքների ինչ էլ ստորագրենք, կլինի քաղաքավարական հայտարարություն։ Դա է հիմնաքարը։ Ես ոչ միայն կստորագրեի, այլև ժողովրդին վստահ կդիմեի, կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում ճանապարհի մոտ 70 տոկոսն անցել ենք», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ դա այդ ճանապարհի ամենադժվար մասը կլիներ։










