Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

12:12 • 04.10.23

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նպաստել կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացմանը։ Այս մասին գեներալ Բաղերին ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, գրում է mehrnews.com-ը։

Ասելով, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա՝ Բաղերին ընդգծել է, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Նա կոչ է արել միջոցներ ձեռնարկել այդ տարածաշրջանում վեճերը լուծելու  ու լարվածությունը թուլացնելու համար։

Իրանցի զինվորականը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ դիտորդներ ուղարկել: Նա ընդգծել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը»,- հավելել է նա։ 

Անդրադառնալով վերջերս Հայաստանում ԱՄՆ զորավարժություններին, գեներալ Բաղերին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը անկայունություն կառաջացնի։

Գրիգորյանն իր հերթին զեկույց է ներկայացրել կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ։

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ