ՌԴ ուժերը բարելավել են դիրքերն Անդրեևկայի շրջանում. Ուկրաինայի ԶՈՒ դեսանտային խումբը փորձել է ներթափանցել Ղրիմ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ընդլայնել են «գորշ գոտին»: Նա այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է «Սոլովյով Լայվ»-ի եթերում:
«Ինչ վերաբերում է Անդրեևկայի ուղղությանը, մենք ընդլայնել ենք գորշ գոտին, մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավել իրենց դիրքերը»,- ասել է Պուշիլինը։
Մինչդեռ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 4-ի գիշերը Ուկրաինայի իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը կասեցվել են: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները խափանել են Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբի՝ Ղրիմ մտնելու փորձը:
Իր հերթին, Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքի ոչնչացման մասին:
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ բազմակի արձակման հրթիռային համակարգից կասետային զինամթերք են արձակել, զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Բոգոմազը։
Բրյանսկի, Բելգորոդի և Կուրսկի շրջանների տարածքում հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու սարք։










