Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում. Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացումը կանխելու հարցը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է.«Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»։
«Հետևաբար, մենք այստեղ չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները», - ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «ռազմական ուժի գործողությունները՝ հակամարտությունները լուծելու համար»։
«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, որպեսզի կանխվի հակամարտության հետագա զարգացումը և Հայաստանը քաղաքականապես կայունացվի», - եզրափակել է Բորելը։
ԵՀՔ գագաթնաժողովի շրջանակներում Իսպանիայում պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ Փարիզի, Բեռլինի և Բրյուսելի մասնակցությամբ։ Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայում կայանալիք հանդիպմանը։










