Իսրայելում տուժшծների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ԱԳՆ

14:26 • 07.10.23

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն», - գրել է նա:

Ավելի վաղ, Tert.am-ի հետ զրույցում «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը հայտնել էր, որ կապ մեջ է Իսրայելի հայերի հետ, գրեթե բոլորից տեղեկություններ ունի, նրանց շրջանում տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին: Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը արտակարգ դրություն է հայտարարել Գազայի հատվածում, 80 կմ շառավղով։