Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հրաժարվել բռնությունից։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում։
«Հաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը, որ 75 տարի ձգձգվող այս հակամարտությունը ուժային լուծում չունի և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավական հիմքով լիարժեք բանակցային գործընթացի միջոցով։
Մենք պաղեստինյան և իսրայելական կողմերին անհապաղ հրադադարի, բռնությունից հրաժարվելու, անհրաժեշտ զսպվածության դրսևորման և միջազգային հանրության աջակցությամբ բանակցային գործընթացի հաստատման կոչ ենք անում՝ ուղղված Մերձավոր Արևելքում համապարփակ, տևական և սպասված խաղաղության հաստատմանը»։










