Ռուսաստանը սկսում է գազի մատակարարումը Ուզբեկստան Ղազախստանով

17:34 • 07.10.23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ այսօր Մոսկվայում մեծ հանդիսությամբ ազդարարել է Ուզբեկստան և Ղազախստան ռուսական գազի մատակարարումների մեկնարկը։

«Սա ամենամեծ եռակողմ էներգետիկ նախագիծն է, որի իրականացման համար օգտագործվում է 60-ականներին կառուցված «Կենտրոնական Ասիա-Կենտրոն» գազատարը, որով Ուզբեկստանը գազ էր մատակարարում միանգամից ութ միութենական հանրապետությունների։

Այն սկսում է աշխատել հակառակ ուղղությամբ և կապահովվի Ուզբեկստանի և մասամբ Ղազախստանի պահանջները։ Ղազախստանը կկարողանա լուծել իր հյուսիսային և արևելյան շրջանների գազիֆիկացման հարցը», - ըստ ՏԱՍՍ-ի հայտարարել է Պուտինը։

Տոկաևն իր հերթին հայտարարել է, որ «Ղազախստանը շահագրգռված է իր տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործմամբ և պատրաստ է էլ ավելի մեծացնել ռուսական գազի փոխադրումները»։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուզբեկստանի ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար գազի լրացուցիչ ծավալների ներմուծման հրատապ անհրաժեշտություն կար։ Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարների անունից երկրների համապատասխան գերատեսչությունները սկսել են լուծել այս հարցը 2022 թվականի վերջից։

Ռուսաստանը սկսում է գազի մատակարարումը Ուզբեկստան Ղազախստանով