ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ․ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին

12:20 • 07.10.23

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ի պատասխան Գազայի հատվածի հարձակումների ՀԱՄԱՍ-ի արմատականների դեմ «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունը ստացել է «երկաթե սրեր» անվանումը»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտր-ադմիրալ Դանիել Հագարին հաղորդել է, որ առավոտյան 6:30-ից Իսրայելի վրա ավելի քան 2200 հրթիռ է արձակվել։

Հագարիի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներթափանցել են ցամաքից, ծովից և օդից»։ Նա ասել է, որ «առնվազն յոթ կետում մարտական գործողություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների և Պաշտպանության բանակի զինվորների միջև»։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել՝ անսպասելի Իսրայելի վրա հարձակվելով։

«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը ճակատագրական սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ: ՑԱԽԱԼ-ի զինվորները կռվում են թշնամու դեմ ներթափանցման բոլոր հատվածներում», - ասվում է Գալանտի գրասենյակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման ֆոնին Գալանտը հայտարարել էր պահեստազորի զանգվածային հավաքի մասին։

ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ․ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին