Իսրայելը 24 ժամում կտարհանի Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող քաղաքացիներին

15:01 • 08.10.23

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հետ սահմանի մոտ գտնվող երկրի բոլոր քաղաքացիների 24 ժամվա ընթացքում տարհանման մասին։

Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարիին։

«Իսրայելը 24 ժամվա ընթացքում տարհանելու է Գազայի սահմանին մոտ գտնվող քաղաքներում բնակվող բոլոր բնակիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Իսրայելը 24 ժամում կտարհանի Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող քաղաքացիներին