Իսրայելում «Ուրվական» էլիտար ստորաբաժանման հրամանատար է զոհվել
«Ուրվական» անունով հայտնի էլիտար ստորաբաժանման ղեկավար, 44-ամյա գնդապետ Ռոյ Լևին երեկ զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հետ հարավային Ռեյմ համայնքում մարտերի ժամանակ,
Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
«Նա խիզախորեն ղեկավարում էր իր թիմը՝ Ռեյմ կիբուցում առաջինը մտնելով կռվի մեջ, որպեսզի փրկի քաղաքացիներին, որոնք պաշարված էին իրենց տներում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, փոխհրաձգության ժամանակ սպանվել է մոտ 10 պաղեստինցի զինյալ։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակեց ևս 17 զինվորականների անուններ, որոնք զոհվել էին երկրի հարավում տեղի ունեցող մարտերում:
Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 600-ը, հայտնում է timesofisrael.com-ը:
Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատում է նաև, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 330-ը՝ ծանր վիրավորներ։
Մինչդեռ Al Jazeera-ն հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 313, վիրավորվել մոտ 2000 պաղեստինցի:
Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:










