Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռ մուտքագրված չէ, երկուշաբթի կամ երեքշաբթի բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին. փոխվարչապետը՝ արցախցիներին միանվագ դրամական աջակցության մասին

13:48 • 08.10.23

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ դրամական  աջակցությունը վերջին օրերին արդեն մեծամասամբ ստացել են այն շահառուները, որոնք ունեն քարտային հաշվներ: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ համառոտ ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպված հիմնական գործընթացները:

Նրա խոսքով,  ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և քարտային հաշիվներ ունեցող շահառուների թիվը գերազանցում է 50 հազարը:

«Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ ընդամենը  խոսքը վերաբերում է որոշ դեպքերում բանկային գործառնությունների  ժամանակատարությանը, և երկուշաբթի կամ երեքշաբթի օրը բոլորն այդ գումարը  կտեսնեն իրենց հաշիվներին»,- պարզաբանեց փոխվարչապետը՝ նշելով, որ այնուամենայնիվ շահառու հայրենակիցների կեսն է առայժմ ստացել միանվագ դրամական աջակցությունը, իսկ մյուսներն առաջիկա օրերի ընթացքում, իրենց գրանցումներին համապատասխան, կշարունակեն ստանալ իրենց գումարները:

Նա հիշեցրեց, որ ովքեր չունեն քարտային հաշիվներ, պետք է այս օրերի ընթացքում բացեն իրենց հաշիվները:

Ըստ փոխվարչապետի՝ երկրորդ խումբը, որ միանալու է դրամական աջակցությունը ստացողներին, ընդգրկում է այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների համար համապատասխան տվյալները գրանցելու արդյունքում կունենան այդ դրամական միջոցները ստանալու իրավունք:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռ մուտքագրված չէ, երկուշաբթի կամ երեքշաբթի բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին. փոխվարչապետը՝ արցախցիներին միանվագ դրամական աջակցության մասին