Եգիպտոսի հետախուզությունը ՀԱՄԱՍ-ի գործողության վերաբերյալ նախազգուշացրել է Իսրայելին, սակայն վերջինս անտեսել է

16:05 • 09.10.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անսպասելի հարձակումը կանխատեսելու և դրան նախապատրաստվելու Իսրայելի հետախուզության ձախողման հետ կապված հարցերն էլ ավելի արդիական են դարձել այն բանից հետո, երբ Եգիպտոսի հետախուզության պաշտոնյան ասել է, որ Իսրայելն անտեսել է ՀԱՄԱՍ-ի կողմից «ինչ-որ մեծ բան նախապատրաստելու» վերաբերյալ բազմակի նախազգուշացումները:

Պաշտոնյան ասել է, որ Եգիպտոսը, որը հաճախ միջնորդ է ծառայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, բազմիցս խոսել է իսրայելցիների հետ «ինչ-որ մեծ բանի նախապատրաստման» մասին, գրում է timesofisrael.com-ը:

Եգիպտոսցու խոսքով՝  իսրայելցի պաշտոնյաները կենտրոնացած էին Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ և թերագնահատել են Գազայի հատվածից եկող սպառնալիքը: 

«Մենք նրանց զգուշացրել ենք, որ իրավիճակի պայթյուն է սպասվում, և շատ շուտով մեծ պայթյուն կլինի։ Բայց նրանք թերագնահատեցին նման նախազգուշացումները», - Associated Press-ին ասել է պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, քանի որ իրավասու չէր քննարկել լրատվամիջոցների հետ զգայուն հետախուզական քննարկումների բովանդակությունը:

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

 
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:
 

Եգիպտոսի հետախուզությունը ՀԱՄԱՍ-ի գործողության վերաբերյալ նախազգուշացրել է Իսրայելին, սակայն վերջինս անտեսել է