Իսրայելը 48 ժամում 300,000 պահեստազորային է մոբիլիզացրել

17:09 • 09.10.23

Իսրայելը 48 ժամում 300,000 պահեստազորային է մոբիլիզացրել. այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, փոխանցում է timesofisrael.com-ը:

«Ինչ վերաբերում է պահեստազորայիններին, ապա Իսրայելի պաշտպանության բանակը երբեք այդքան արագ չի մոբիլիզացրել՝ 300,000 պահեստազորային 48 ժամում», - ասել է Հագարին:

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

 
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:
 

Իսրայելը 48 ժամում 300,000 պահեստազորային է մոբիլիզացրել