Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին
Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ Սրբազան Հայրերին՝ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին, Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանին, Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին, Գերաշնորհ Տ. Կորյուն եպիսկոպոսը Բաղդասարյանին և Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։
Նորին Սրբությունը հորդորեց Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել իրենց ծառայության վայրերում ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, հավատ և հույս ներշնչելու հայորդիներին առկա դժվարին փորձությունները հաղթահարելու ճանապարհին։
Վերջում Հայոց Հայրապետը նորաօծ եպիսկոպոսների հետ միասին աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենիքի խաղաղության և անվտանգության, արցախահայության ու աշխարհասփյուռ հայորդիների բարօր կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։










