Պաղեստինի հետ լարվածության ֆոնին՝ Թել Ավիվի բնակիչները սկսել են սննդի պաշարներ հավաքել (տեսանյութ)

10:24 • 09.10.23

Պաղեստինի հետ լարվածության ֆոնին՝ Թել Ավիվի բնակիչները սկսել են սննդի պաշարներ հավաքել. հացը, կաթը, ձուն և ձավարեղենն աստիճանաբար անհետանում են վաճառադարակներից:

Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, որի թղթակիցը շրջել է քաղաքի խանութներում և բոլոր տեղերում նույն պատկերն արձանգարել:

Որոշ խանութներում ապրանքները վաճառվում են հստակ չափաբաժնով, օրինակ՝ մեկ անձի համար մեկ տուփ կաթից ոչ ավելի:

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 700-ը: Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 400 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

 
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:
 
 

Պաղեստինի հետ լարվածության ֆոնին՝ Թել Ավիվի բնակիչները սկսել են սննդի պաշարներ հավաքել (տեսանյութ)