ԵԽ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կգա․ կկազմվի ԼՂ-ից տեղահանվածների կարիքների քարտեզը

23:17 • 10.10.23

Արդեն հիմա իմ հատուկ ներկայացուցիչը, իհարկե, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, Հայաստանի ճանապարհին է։ Այս մասին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ ԵԽ հատուկ ներկայացուցիչը կկազմի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների քարտեզը։

«Եվ երբ վերադառնանք, մենք կմշակենք այս մարդկանց անհապաղ օգնություն ցուցաբերելու ծրագիր։ Բայց, իհարկե, կա նաև այն հարցը, թե երբ և ինչպես պետք է այդ մարդիկ վերադառնան տուն, քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ուզում փախստական լինել, ոչ ոք չի ուզում լքել այն վայրը, որտեղ ծնվել ես կամ որտեղ ծնվել են ձեր նախնիները»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։ 

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի շրջանակներում պետք է ուշադրություն դարձնել սրա վրա և անել հնարավորը, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ հայրենիք։

«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, իհարկե, ես հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք առաքելություն ուղարկել քարտուղարությունից, որը կխոսի Ադրբեջանի իշխանությունների հետ և կտեսնի, թե ինչպես են նրանք գնահատում իրավիճակն Ադրբեջանում։ Բայց միևնույն ժամանակ, ես կոչ եմ անում Ադրբեջանին իսկապես լիովին կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ այս ճակատներում գործադրվող ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան վերադառնալ հայրենիք։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ ինչպես է Եվրոպայի խորհուրդը վերաբերվում Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ձերբակալությանը, Բուրիչը պատասխանել է, որ այդ հարցը ևս կլինի Քարտուղարության առաքելության՝ Ադրբեջան այցի օրակարգում:

Նա նաև նշել է, որ հարկավոր է աշխատել ժողովուրդների միջև վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ:

«Մենք Վենետիկում և Թբիլիսիում Ադրբեջանից և Հայաստանից երիտասարդ լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ նախաձեռնություններ ենք իրականացրել: Ապագայում պետք է կրկնապատկենք ջանքերը՝ իհարկե, կողմերի համաձայնությամբ: Մենք արդեն որոշակի գաղափարներ ունենք»,- ասել է Բուրիչը