Շոլցի կուսակցությունը պարտություն է կրել ընտրություններում՝ գրանցելով ռեկորդային ցածր արդյունքներ
Գերմանիայի խոշորագույն դաշնային նահանգներում՝ Բավարիայում և Հեսսենում տեղի են ունեցել տեղական խորհրդարանի ընտրություններ, որոնցում կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ռեկորդային ցածր արդյունքներ է գրանցել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ Focus-ին հղումով։
Բավարիան և Հեսսենը Գերմանիայի ամենամեծ և ամենաբարգավաճ դաշնային նահանգներն են, որտեղ բնակվում է գերմանացի ընտրողների մոտ մեկ քառորդը: Գերմանիայում կա 16 դաշնային նահանգ, որոնցից յուրաքանչյուրն ունի խորհրդարան (տարածաշրջանների մեծ մասում դրանք կոչվում են Լանդտագ)։ Մի քանի տարին մեկ անցկացվող ընտրությունների արդյունքներով ձևավորվում է մարզային կառավարություն։
Նշված երկու դաշնային նահանգներում հաղթել են Քրիստոնեա-դեմոկրատական միության և նրա քույր կուսակցության՝ Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողականները, որոնց թեկնածուներն արդեն ղեկավարում էին տարածաշրջանային կառավարությունները:
Այդուհանդերձ էականն այն չէ, որ հաղթել են ներկայիս շրջանների ղեկավարները, այլ այն, թե ինչպես են պարտվել «լուսացույցների կոալիցիայում» ընդգրկված կուսակցությունները։










