Գազայի հատվածում 180,000 պաղեստինցի լքել են իրենց տները. ՄԱԿ
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (ՄԱՕԱԳ) հայտարարել է, որ Գազայի հատվածում կա 180,000 ներքին տեղահանված անձ, որոնցից 137,500-ը պատսպարվել է ՄԱՕԱԳ-ի 83 դպրոցներում: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Մինչդեռ aljazeera.com-ը հավելում է, որ Պաղեստինի առողջապահության նախարարությունը կոչ է արել ստեղծել «անվտանգ միջանցք՝ ապահովելու շտապ բժշկական օգնության մուտքը Գազայի հիվանդանոցներ»։
Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածը՝ հարվածելով բնակելի շենքերին։
Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախչել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։
«Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը:
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին:
«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։
Իսրայելական օդուժը, մասնավորապես, թիրախավորել է մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ո հրամանատարական կենտրոն էին ծառայում, ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբ հանդիսացող մի քանի բնակարան, ենթակառուցվածքային օբյեկտը, որն օգտագործվում էր կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։










