Ադրբեջանի 86,600 քկմ-ն և ՀՀ-ի 29,800 քկմ-ն երկվորյակ թվեր են. մեկը ճանաչելու համար պետք է մյուսը ճանաչել. Փաշինյան
Ադրբեջանի 86,600 քկմ-ն և Հայաստանի 29,800 քկմ-ն երկվորյակ թվեր են։ Այսինքն՝ 29,800-ը ճանաչելու համար պետք է 86,600-ը ճանաչել և հակառակը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը 29,800 քկմ տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, այդքան տարածք չունի: Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանն ավելին է, քան 29,800 քկմ-ն: Բայց մեր հակառակորդներն էլ են ասում՝ ոչ, Հայաստանը 29,800 քկմ չէ: Նրանք էլ իրենց հերթին նկատի են ունենում, որ գուցե 5000 քկմ է», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ հակառակորդներն օգտագործում են հայաստանյան ընդդիմադիրների ոճը՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանի տարածքը 29,800 քկմ չէ:
Վարչապետի խոսքով՝ այն, որ մեր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանը 29,800 քկմ-ից ավելին է, Ադրբեջանում գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ, Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում և իրենց ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ հիմնավորում են նաև դրանով:










