Լեգենդար հաղթանակը ոգևորում է․ to.sport fm ռադիոն «Արարատ-73․ հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի աջակից (լուսանկարներ)
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Սուրեն Բաղդասարյանի «Արարատ-73․ հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը։ Ուղիղ 50 տարի առաջ՝ 1973-ի հոկտեմբերի 10-ին, «Արարատն» իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ ԽՍՀՄ գավաթակիր։ «Արարատի» հանդիպումները հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը, ով տարիներ անց իր հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում և մանրամասն ներկայացրել դեպի հաղթանակ տանող ճանապարհը։

«Արարատ-73․ հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը տպագրվել է նաև to.sport fm 96․3-ի աջակցությամբ։ Լինելով հայկական առաջին սպորտային ռադիոն և որդեգրելով հստակ սկզբունքներ՝ to.sport fm-ը նպատակ ունի սատարել հայկական սպորտին ու դրա մասայականացմանը։ Հենց այդ նպատակով էլ ռադիոն աջակցել է «Արարատ-73․ հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի հրատարակմանը։
to.sport fm 96․3 ռադիոյի տնօրեն Մարիամ Մանուկյանը ընդգծում է, որ հայկական սպորտի լավագույն տարիների մասին փաստերի արձանագրումը ոչ միայն կարևոր է սպորտի պատմության համար, այլև լավագույն մոտիվացիաներից է այսօրվա մարզիկների համար։

«Այս համագործակցությունը պատահական չէ։ «Արարատ 73»-ը կապ է սպորտի նախկին ու ներկա սերունդների միջև, ինչն էլ արտահայտվում է այս գրքի միջոցով։ Հայկական սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը այս անգամ փորձել ենք նպաստել այս եղանակով՝ դառնալով գրքի հրատարակման հովանավորներից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց to.sport fm ռադիոկայանի տնօրեն Մարիամ Մանուկյանը։
Հրատարակիչների նախաձեռնությամբ շնորհանդեսի օրը գրքի վաճառքից գոյացած գումարը փոխանցվելու է Արցախից բռնի տեղահանվածներին։
Ականատեսի բծախնդրությամբ անվանի մեկնաբանը նկարագրել է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատ»-ը ու հասել աննախադեպ հաջողության։
Գիրքն ունի հատուկ ուղերձ, որի գլխավոր միտքը հենց շապիկին է՝ սա հայկական վերածնունդի թիմն է։

«Հիմա, առավել քան երբևէ, վերածնունդն ու հաղթանակները մեզ համար կարևոր են։ Այս տղաները 50 տարի առաջ իսկապես հերոսություն գործեցին։ «Արարատ 73»-ի հաղթանակը մեր ազգի կարևոր հաղթանակներից մեկն էր և բացառիկ էր բոլոր առումներով։ Ես վերակենդանանում եմ, երբ խոսում են «Արարատ 73»-ի մասին, այն իմ մուսան է։ Հաղթանակները պատահականություն չեն լինում, գավաթակիր պատահական չեն դառնում։ 1971 թվականից արդեն մեր թիմը պատրաստ էր չեմպիոնական պարգևների։ Այդ տարի դարձավ արծաթե մեդալակիր։ Իսկ 1973-ի հաղթանակը մեր երկրի, ժողովրդի համախմբության շնորհիվ ստացվեց, մենք մի բռունցք էինք, միասնական ու համախմբված։ Սա պարզապես ֆուտբոլային հաղթանակ չէր, սա համազգային հաղթանակ էր։ Եթե հիմա էլ լինենք համախմբված ու մի բռունցք, կրկին կգրանցենք նման հաղթանակներ»,- ընդգծում է գրքի հեղինակ Սուրեն Բաղդասարյանը։

Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև «Արարատ 73»-ի հաղթանակը կերտողները։ «Արարատ»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն երանությամբ է հիշում հայկական ֆուտբոլի «ոսկե» տարիները։

«Մեր թիմը բարձրացրեց հայկական ֆուտբոլը և ճանաչելի դարձրեց աշխարհին, մեր «ոսկե սերունդը» դա իրականություն դարձրեց։ Սուրեն Բաղդասարյանը հայկական ֆուտբոլի համ ու հոտն էր։ Մարդիկ, ովքեր հեռուստացույց չունեին, ռադիոյով լսելով նրան՝ պատկերացնում էին ամբողջ խաղը։ Ուրախ եմ, որ «Արարատ 73»-ի անցած ուղին, հաղթական դրվագները տեղ են գտել այս գրքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արարատ 73»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն։
Սպորտային գրքերից մինչև մարզական վերջին լուրերը՝ սպորտային առաջին ռադիոալիքը հետևում է մարզական աշխարհի բոլոր իրադարձություններին։ Դուք էլ հետևեք to.sport fm 96.3-ին տեղեկացված լինելու համար՝
Website` https://tosport.fm/
Youtube` https://www.youtube.com/@tosportfm
Facebook` https://www.facebook.com/to.sport.fm96.3
Instagram` https://www.instagram.com/to.sport.fm96.3/















