ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանն է ներկայացվել ԼՂ-ից տեղահանվածների կրթության ոլորտում առկա խնդիրները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը:
Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:
Փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:
Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, մասնավորապես կրթության իրավունքի առաջնային ապահովման հարցը:
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել. Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով մի ամբողջ ժողովուրդ է բռնի տեղահանվել իր բնօրրանից: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աղետի ու վտանգի մասին, համապատասխան նամակներ են ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատվել էր հումանիտար ճգնաժամ, որի արդյունքում խախտվել էին շուրջ 120 հազար բնակչի հիմնարար մի շարք իրավունքներ. նրանցից 30 հազարը երեխաներ էին: Սննդի մատակարարման անհնարինության, Ադրբեջանի կողմից գազամատակարարման, էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների պատճառով թե՛ մանկապարտեզներում, թե՛ դպրոցներում, թե՛ կրթական մյուս հաստատություններում խախտվում էր երեխաների կրթության իրավունքը, և այս իրավիճակը ձգվեց ավելի քան 9 ամիս»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/1857










