Իսրայելը չի ​​պատրաստվում պատերազմել Իրանի հետ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

13:39 • 12.10.23

Իսրայելը չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, դիվանագետը նաև ասել է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման՝ հակամարտության մեջ ներքաշվելու վտանգ կա:

Դեսպանի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ոչնչացումը չի նշանակում Գազայի հատվածի ոչնչացում:

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել զգուշավոր գործել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված իրավիճակում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք իրանցիներին հասկացրել ենք՝ զգույշ եղեք»,- ասել է Բայդենը ԱՄՆ հրեական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ներկայիս սրումը:

Բայդենն ընդգծել է, որ ամերիկյան ավիակիրն արդեն տեղակայվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ ԱՄՆ-ն նաև կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք. Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը հստակ հասկացրել է իրանցիներին զգուշավորություն ցուցաբերել:

Նախօրեին Սպիտակ տան խոսնակ Ջոն Քրիբին հայտարարել էր, որ «եթե չլիներ Իրանի աջակցությունը, ՀԱՄԱՍ-ն ընդհանրապես չէր կարողանա գործել»։

«Բայց մենք չենք տեսել որևէ կոնկրետ ապացույց, որ նրանք ուղղակիորեն ներգրավված են եղել հանգստյան օրերին տեղի ունեցած ներխուժման ծրագրմանը կամ ֆինանսավորմանն ու  նախապատրաստմանը», - ասել էր Քիրբին:

Հիշեցնենք, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ առնչություն չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակմանը:

 

 

Իսրայելը չի ​​պատրաստվում պատերազմել Իրանի հետ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան