Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ

20:32 • 17.10.23

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության քաղաքականության տնօրեն, փորձագետ Դարիուս Դոմարկասին, թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։

Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսին և նախատեսված է մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում՝ Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ, որի բաղադրիչներից մեկն է «Արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և մեթոդաբանության մշակումը»։

«Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենի տեղակալը բարձր գնահատեց ԵՄ ջանքերը՝ ուղղված ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը և ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ կարևորելով միջազգային փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։

Հանդիպման առանցքում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներն էին․ մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների մշակման և տեղայնացման, օպերատիվ-տակտիկական պատրաստվածության, արձագանքման կազմակերպման, ճգնաժամային կառավարման բնագավառում որոշումներ կայացնող անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցերն էին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ Դարիուս Դոմարկասն իր պատրաստակամություն է հայտնել աջակցելու փրկարար ծառայությանը կարողությունների բարելավման ուղղությամբ։ Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հետ համատեղ իրականացնել առկա օրենսդրական փաթեթի ուսումնասիրություն, ծառայության կառուցվածքի, ռեսուրսների վերլուծության և կարիքի գնահատման հիման վրա՝ համադրելով Լիտվայի փորձի հետ, մշակել արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման մեթոդաբանություն։ Փորձագետը հավելել է, որ իրենց գերխնդիրն է նախապատրաստել ամբողջ անձնակազմը՝ կրտսերից մինչև որոշում կայացնողներ, որպեսզի վերջիններս առավել պատրաստ լինեն աշխատելու ճգնաժամային իրավիճակների պայմաններում և ընդունելու ճկուն որոշումներ, միաժամանակ, օպերատիվորեն համագործակցելու այլ պետական կառավարման մարմինների հետ։

Փորձագետը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանն առաջիկա տարիների համար ունի «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր», ինչն արդեն իսկ կարևոր ձեռքբերում է և արդյունավետ ճանապարհային քարտեզ կապահովի փրկարար ծառայության կայուն զարգացման համար։

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցության շրջանակը, սահմանել առաջիկա անելիքները՝ ըստ առաջնահերթությունների, որոնցում հաշվի են առնվելու ՓԾ ոլորտի օրենսդրական կարգավորումները և ընթացիկ գործողությունների պլանները։

Հոկտեմբերի 18-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունենալու արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների լիտվական փորձի ներկայացման թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցելու են ՆԳՆ պատասխանատու ոլորտների փրկարարական և ոստիկանության ծառայողները։