Էրդողանը կոչ է արել դադարեցնել Գազայում աննախադեպ վայրագությունները

23:42 • 17.10.23

Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելական հարվածներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել դադարեցնել այդ «աննախադեպ վայրագությունը»։ Այս մասին նա գրել է Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում։

«Հարձակումը հիվանդանոցի վրա, որտեղ կանայք, երեխաներ և անմեղ քաղաքացիներ են գտնվում, մարդկային ամենատարրական արժեքներից զուրկ իսրայելական հարվածների վերջին օրինակն է: Կոչ եմ անում ամբողջ մարդկությանը քայլեր ձեռնարկել Գազայում այս աննախադեպ վայրագությունը դադարեցնելու ուղղությամբ»,- գրել է Էրդողանը։

Ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ։

Իսրայելական կողմ իր հերթին հայտարարել է, որ հետաքննություն է իրականացնում միջադեպի կապակցությամբ, սակայն ողբերգությունն, այնուամենայնիվ, կապում է ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ։