Ի հեճուկս բոլոր բարդությունների՝ ես եկել եմ հետևյալ ուղերձով՝ Հարավային Կովկասը ունի խաղաղության կարիք․ Նիկոլ Փաշինյան
Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի՝ ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով՝ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք։ Այսինքն մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի երկրները ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած։
Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հատուկ ուզում եմ ընդգծել՝ խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետև մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը։
Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը։ Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների և հուսահատությունների հանգամանքը։ Բայց արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է և եթե այո՝ ինչպես»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հոկտեմբերի սկզբին եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթաժողովից առաջ, խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն կար։
«Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ու Եվրախորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ինձ հետ ընդունելու համատեղ հայտարարություն, որը պետք է արտահայտեր ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման սկզբունքները։
Այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենևին էլ Գրանադայում չէին ձևավորվել և 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով էին ձևավորվել, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Եվրախորհդրի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես։
Այդ սկզբունքները կոնկրետացվեցին 2023թ-ին ԵԽ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ Բրյուսելյան հանդիպումների ընթացքում»,- ընդգծեց Փաշինյանը։
Վերջինս շեշտեց այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո մի քանի անգամ հրապարակային հայատարել է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86․600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը Հայաստանի մասին նման հայտարարություն չի արել։










