Ադրբեջանը ՀՀ-ի 29,800 կմ-ի նկատմամբ կոնկրետ հավակնություններ ունի և փորձում է մաքսիմալ տարածք պոկել Հայաստանից․ Տիգրան Աբրահամյան

16:45 • 17.10.23

Հարավային Կովկասը ինքնին գտնվում է բավականին բարդ իրավիճակում, և այն լարվածության օջախները, որոնք եղել են, որևէ ձևով չեն լիցքաթափվել։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իսրայելապաղեստինյան հակամարտությունը բավականին մեծ լարվածություն է հասցրել տարածաշրջանին։ Երրորդ կողմից ամեն ինչ արվում է մեր հարևան Իրանին այդ պատերազմի մեջ ներգարավելու համար ու բնական է, որ ցանկացած իրավիճակային զարգացում կարող է իր ծանր ազդեցությունը թողնել Հարավային Կովկասի վրա»,- ասաց նա։ 

Պատգամավորի խոսքով՝ շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Արցախի հանձնումը լուծելու է Հարավային Կովկասում բոլոր խնդիրները և խաղաղություն է ապահովելու, սակայն դա այդպես չէ։

«Արցախի հարցը տարիներ շարունակ պաշտպանական ֆունկցիա է կատարել Հայաստանի համար, այժմ Արցախի հանձնումից հետո նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանի համար և Ադրբեջանը փորձում է դա զարգացնել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը օկուպացայի է ենթարկել ՀՀ մեծ թվով բնակավայրեր, ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ոչ միայն պահպանել այդ վերահսկողությունը, այլ այսպես կոչված անկլավների տակ ստանալ նոր զիջումներ։ Այստեղ Ադրբեջանի խնդիրը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ ՀՀ-ից մաքսիմալ պոկելը։

ՀՀ 29․800-ի նկատմամբ Ադրբեջանը ունի կոնկրետ հավակնություններ ու դա համարում է  իր տարածքը։ Եթե Ադրբեջանը Սյունիքը ճանաչեր ՀՀ տարածք, ապա այդ պարագայում 2020-2023թթ հարձակումներ չէր գործի ու իր վերահսկողության տակ չէր առնի Սյունքիի մեծ թվով բնակավայրեր»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ադրբեջանը ՀՀ-ի 29,800 կմ-ի նկատմամբ կոնկրետ հավակնություններ ունի և փորձում է մաքսիմալ տարածք պոկել Հայաստանից․ Տիգրան Աբրահամյան