Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում սադրիչ էր. նա գնում է Զելենսկու ճանապարհով. աղբյուր
Մոսկվան միանգամայն սադրիչ է համարում հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Մոսկվայում բարձրաստիճան աղբյուրը։
Հատկանշական է, որ նույն տեղեկությունը հրապարակել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նույն աղբյուրին հղումով:
Նշվում է, որ զրուցակիցը նաև հավելել է, որ Հայաստանի վարչապետը «մեծ քայլերով գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք միանգամայն անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել երրորդ Ուկրաինայի, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինան, իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում ասել է, որ այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախնում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։
Նա ընդգծել էր, որ հայ ժողովուրդը համախմբվել է հանուն սեփական անկախության և ինքնիշխանության, ինչի հետևանաքով էլ, ըստ վարչապետի, մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվել է։
Փաշինյանը նաև միևնույն ժամանակ արձանագրել էր, որ Հայաստանին հաջողվել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հավուր պատշաճի ընդունել, որն անգամ միջազգային գործընկերներին է զարմացրել։










