Նիկոլ Փաշինյանին Եվրախորհրդարանում ծափ տվեցին, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս․ ստացվում է՝ այս տարածաշրջանում նրանք տեսնում ենք նոր Զելենսկի․ Արմեն Ռուստամյան
Մեր դիվանագիտությունը խայտառակ ձախողումներ է արձանագրում, մի օր մի բան է հայտարարում, մյուս օրը՝ մեկ այլ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ այսօր Փաշինյանը կարող է հանդես գալ որպես ռուսամետ, հաջորդ օրը՝ արևմտամետ, ինչը դրական ազդեցություն չի ունենում արտաքին քաղաքականության վրա։
«Այս ձևով մենք կկորցնենք թե մեր հնարավոր բարեկամներին, թե կստեղծենք տպավորություն, որ արտաքին քաղաքականությամբ ենք զբաղվում, բայց իրականում մեր հիմնական ազգային պետական շահերը օրակարգ չեն բերվում և դրան համապատասխան քայլեր չեն կատարվում»,- ասաց Ռուստամյանը։
Դիտարկմանը, որ և՛ Հայաստանի իշխանությունները և Ալիևը հայտարարում են, որ ազգային պետական շահով են առաջնորդվում, որի հիմքում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումն է, Ռուստամյանը նշեց, որ տեսնում է Ալիևի կողմից իրականացվող քաղաքականություն, որը բխում է իրենց շահերից։
Նրա խոսքով՝ Ալիևն Արևմուտքում ստացավ Արցախի հայաթափումը, հիմա ստանում է այն 5 հարցերի լուծումը, որոնք մարտահրավեր են Հայաստանի համար, և այդ հարցերի հստակ լուծման ծրագիր այսօրվա իշխանությունները չունեն։
Հարցին՝ իր պահանջները դիվանագիտական ճանապարհով չբավարարելու դեպքում կարող է արդյոք Ալիևը դիմել ռազմական ուժին, պատգամավորը նշեց, որ չի բացառում։
Նրա խոսքով՝ այսօր պրակտիկա է դարձել, կուլիսներում ինչ-որ բաներ պայմանավորվելը, ինչ մասին հետո ենք իմանում:
«Ես չգիտեմ, թե իրենք այնտեղ ինչ են պայմանավորվել։ Դրանցից մի քանիսը բացահայտվում է, երբ Պուտինն ասում է՝ ես ի՞նչ անեմ, երբ Ալիեւը գալիս ասում է՝ դուք տեղյա՞կ եք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Մենք խոսում ենք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի մասին։ Այդ կապիտուլյացիոն պայմանագրի բոլոր կետերն, ըստ էության, կատարվել են ի օգուտ Ադրբեջանի, մնացել է 9-րդ կետը։ Այդ 9-րդ կետից Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են ազատվելու։ Ասելու են՝ դրել ես ստորագրություն, որ Ռուսաստանը պետք է վերահսկի ճանապարհը, այսինքն՝ ստացվում է, որ արտատարածքային միջանցք չէ, բայց քո վերահսկողությունից դուրս է։ Այսինքն՝ մենք 9-րդ կետի պահանջների տակից դեռ դուրս չենք եկել»,- ընդգծեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում խոսում էր ժողովրդավարությունից, իսկ արևմուտքի շահերից բխում էր ծափ տալ, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս։
«Այսինքն՝ իսկապես ստացվում է, որ այս տարածաշրջանում նրանք տեսնում ենք նոր Զելենսկի՝ դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով մեզ համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս կերպ մենք ոչ միայն չենք պաշտպանելու մեր շահերը, այլև անդադար զիջելու ենք։










