Հիմնական խաղացողները չեն ցանկանում, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի. Պուտին
Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարները չեն ցանկանում, որ պաղեստինա-իսրայելական էսկալացիան շարունակվի և վերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է իմ տպավորությունին տարածաշրջանի հինգ ղեկավարների հետ զրույցներից, դրանք կարևոր, ժամանակին տեղի ունեցած խոսակցություններ էին, առանց մանրամասների կասեմ հիմնականը՝ տպավորություն է ստեղծվել, որ ոչ ոք չի ցանկանում շարունակել, զարգացնել հակամարտությունը և վատացնել իրավիճակը։ Իմ կարծիքով՝ հիմնական խաղացողները չեն ցանկանում հակամարտության զարգացում, դրա՝ լայնածավալ պատերազմի վերածում»,- ասել է նա։
Երկուշաբթի Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ռուսաստանի ղեկավարը նրանց հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը։










