Աթենքի եկեղեցիներից մեկում 24-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ նրա մոտ դանակ ու Ղուրան է հայտնաբերվել, իսկ ձերբակալության պահին նա բղավել է «Ալլահ աքբար»
Հունաստանի մայրաքաղաք Աթեքի Սուրբ Պանտելեյմոնի եկեղեցում ոստիկանությունը բերման է ենթարկել դանակով զինված սիրիացի տղամարդու։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ protothema.gr-ին հղումով, նրա մոտ ոչ միայն դանակ է եղել, այլև Ղուրան, իսկ ձերբակալության պահին նա բղավել է «Ալլահ աքբար»։
Տղամարդու արտասովոր վարքագիծը նկատել է եկեղեցու պահակը և դիմել ոստիկանություն։ Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, տղամարդը սկսել է դիմադրել ու բղավել «Ալլահ աքբար»։ Սիրիացու ուսապարկում ոստիկանները հայտնաբերել են դանակ ու Ղուրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածը 24-ամյա երիտասարդ է, ով նախկինում ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, ինչ եկեղեցում սկսել է Ղուրան ընթերցել։ Նախկինում երիտասարդը հոգեբուժական փորձաքննություն է անցել, սակայն դրա արդյունքներով նրան կալանավորելու անհրաժեշտությում չի եղել։
Հաղորդվում է, որ տղամարդը տեղափոխվել է տեղի ոստիկանության բաժանմունք, հետաքննությունը շարունակվում է։










