Նա անարժան է. ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ. Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին

13:14 • 19.10.23

Ռոք երաժիշտ, Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինը (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) SHOT թելեգրամյան ալիքին պատմել է, որ երկար տարիներ չի շփվել իր  որդեգիր տղայի՝ Ռոմանի հետ, որը դաժանաբար սպանել է Նամինի հարազատ որդուն՝ Արտյոմ Միկոյանին, և իր տատիկին՝ Նամինի զոքանչին:

Ռոման Միկոյանը Նամինի նախկին կնոջ՝ Գալինայի առաջին ամուսնությունից ծնված որդին է:

«Ես և Գալինան բաժանված ենք ավելի քան 15 տարի։ Ռոմանը մի քանի անգամ անցել է սպանության կասկածանքով գործով, հակված է եղել մոլախաղերի և թմրանյութերի։ Ես երկար տարիներ չէի շփվում նրա մոր հետ, քանի որ կտրականապես հավանություն չէի տալիս նրա ապրելակերպին։ Արտյոմն իր ներհատուկ բարության շնորհիվ խղճաց իր մարգինալ խորթ եղբորը և չխզեց կապը նրա հետ», - մանրամասնել է  հայազգի երաժիշտը։

Նամինը Gazeta.Ru-ին պատմել է, որ իր որդեգիր տղան «միշտ տականք է եղել» և որ ինքը նրան երբեք հարազատ չի համարել։

«Ես հենց նոր իմացա այս մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան և ստոր է եղել։ Նա երբեք իմ ազգականը չի եղել»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի տներից մեկում մահացած են գտել Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինի 30-ամյա որդուն և 85-ամյա զոքանչին: Արտյոմ Միկոյանին և վերջինիս տատիկին գտել են դանակի բազմաթիվ վնասվածքներով։

Մարդասպանը բռնվել է տաք հետքերով. պարզվել է, որ նա Նամինի ավագ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որը բերման է ենթարկվել հարցաքննության։

Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ստաս Նամինի ավագ որդին դաժանաբար սպանել է տատիկին և եղբորը, քանի որ նրանք իրեն խնդրում էին դադարեցնել թմրանյութեր օգտագործելը և տարբեր տհաճ իրավիճակների մեջ ընկելը: Երիտասարդը, իր պնդմամբ, չի դիմացել այս ամենին և դանակահարել է հարազատներին։ Այս մասին նա պատմել է հարցաքննության ժամանակ։

Նշվում է, որ երեկ Միկոյանը կրկին թմրանյութ է օգտագործել և դրանց ազդեցության տակ սպանել հարազատներին։

Ռոման Միկոյանը Ստաս Նամինի որդեգրած որդին է։ Նամինը նրա մոր ՝ Գալինայի հետ ամուսնացել է, երբ տղան մեկ տարեկան էր։ 

Լուսանկարում՝ Արտյոմ Միկոյանը, Ստաս Նամինը, Ռոման Միկոյանը

Нет описания.

Նա անարժան է. ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ. Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին