Արցախում պայթյունի ու ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել․ Անահիտ Ավանեսյան

20:33 • 20.10.23

Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է մինչ օրս նույնականացվել, սակայն գործընթացը դեռ շարունակվում է, հարազատները նաև արյան հետազոտություն են անցնում, որպեսզի ԱՆ-ն տվյալներ ունենա։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով հայաստանյան հիվանդանոցներում բուժվող արցախցիներին՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ սեպտեմբերի 25-ից հետո ՀՀ տեղափոխված բուժառուներից 100-ն արդեն առողջացումով դուրս են գրվել։

«Այրվածքներով մեր հայրենակիցների վիճակը, ցավոք, բավական ծանր էր, ունեինք հիմնականում մարմնի մակերեսի 50, 60 կամ 70 տոկոսից ավելի այրվածքներով հիվանդներ, ինչը համարվում է խիստ ծայրահեղ վիճակ։ Բայց ունենք դրական դինամիկա, և ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ էլ որոշակի առաջխաղաղցում ենք նկատում», - նշեց նախարարը՝ հավելելով, որ այրվածքներով բուժառուները երկար վերականգնողական բուժման, վիրահատական միջամտությունների ու պլաստիկ վիրահատությունների կարիք են ունենալու։

Ճշտող հարցին՝ արդյոք բոլոր բուժառուներն են ունենալու պլաստիկ վիրահատությունների կարիք, նախարարը պատասխանեց, որ գրեթե բոլորի մոտ լինելու է նման միջամտությունների անհրաժեշտություն, ինչը լինելու է անվճար ու փոխհատուցվելու է պետության կողմից։

Անդրադառնալով արտերկրում բուժում ստացող բուժառուների վիճակին՝ Անահին Ավանեսյանը նշեց, որ 20 բուժառուից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, սակայն 19-ի մոտ նկատվում է դրական դինամիկա։