Ադրբեջանի համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է. Արթուր Խաչատրյան

12:43 • 24.10.23

Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղության` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունը իր համար ընդունելի չէ, բացի Հայաստանի կապիտուլյացիայից, եթե մենք դրան համաձայն չենք, պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք, որ ապահովենք մեր տարածքային ամբողջականությունը, Արցախի տարախքային ամբողջականությունը, բայց Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում», - նշեց նա:

Ըստ նրա` ամենալուրջ վտանգը կայանում է նրանում, որ Հայաստանը չդառնա արևմուտքի, հյուսիսի ու հարավի բախման թատերաբեմ:

«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվում է բախումների թատերաբեմի: Մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։