Պաղեստինը և Իսրայելը, հանուն ապագա սերունդների, պետք է վերականգնեն խաղաղությունը «2 պետություն՝ 2 ժողովրդի համար» սկզբունքով. Չինաստանի ԱԳՆ
Պաղեստինը և Իսրայելը, հանուն ապագա սերունդների, պետք է վերականգնեն խաղաղությունը «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքով. այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը, որը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի և պաղեստինցի գործընկերների հետ՝ կոչ անելով պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հուսով եմ, որ Պաղեստինը և Իսրայելը կառաջնորդվեն երկարաժամկետ շահերով՝ կապված խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ՝ հանուն ապագա սերունդների», - ընդգծել է չինացի դիվանագետը։
Ինչպես նշում է timesofisrael.com-ը, Վան Յին Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենի հետ զրույցում, որը նրանց միջև առաջին էր Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկնարկից ի վեր, ընդգծել է, բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք, բայց նրանք պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին և պահպանեն միջազգային իրավունքը:
Քոհենի հետ իր զրույցում Վան Յին ասել է, որ Չինաստանը խորապես մտահոգված է հակամարտության շարունակական սրմամբ:
«Բոլոր երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք, բայց նրանք պետք է ենթարկվեն միջազգային մարդասիրական իրավունքին և պաշտպանեն խաղաղ բնակիչների անվտանգությունը: Այժմ ամենահրատապ խնդիրն է կանխել իրավիճակի հետագա սրումը և ավելի լուրջ հումանիտար աղետի հանգեցնելը», - ասել է նա:
Վան Յին նաև զրուցել է Պաղեստինի ինքնավարության իր գործընկեր Ռիադ ալ Մալիքիի հետ՝ ասելով նրան, որ Պեկինը «խորապես արտահայտում է իր համակրանքը պաղեստինյան կողմի նկատմամբ»:
«Այն, ինչ ներկայում Գազայի ժողովրդին ամենից շատ է պետք անվտանգությունն է, սնունդն ու դեղորայքը, այլ ոչ թե պատերազմը, զենքն ու զինամթերքը», - ասել է Վան Յին Մալիքիին:










