Կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը․ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ԱԳՆ-ին հղումով, զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
«Հաստատվել է 2020-2022 թվականների ընթացքում ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ուժեղացման անհրաժեշտությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև նախօրեին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներին՝ բարձր գնահատելով դրանք և պայմանավորվելով շարունակել հետագա ռիթմիկ աշխատանքը՝ այդ ձվաչափի խթանման համար։
Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։










