Նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում. ՀԱՄԱՍ-ի մոտ 16 օր պատանդ պահվելուց հետո ազատ արձակված իսրայելցի կինը «գովել է» զինյալներին
Երեկ գիշերը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 16 օր պատանդ պահվելուց հետո ազատ արձակված տարեց կինը հայտարարել է, որ խաղաղություն է ցանկանում իրեն գերի վերցրածներին՝ չնայած այս օրերի ընթացքում «դժոխքի միջով» անցնելուն:
Նախօրեին 85-ամյա Յոչևեդ Լիֆշիցը և 79-ամյա Նուրիտ Կուպերը Գազայի Ռաֆահ անցակետում ՀԱՄԱՍ-ի սևազգեստ դիմակավորված զինյալների կողմից հանձնվել են Կարմիր Խաչին, հայտնում է Daily Mail-ը:
Հատկանշական է, որ հեռանալիս Յոչևեդը ստեղմել է զինյալներից մեկի ձեռքն ու ասել՝ շալոմ: Այն հարցին, թե ինչու է նա սեղմել ՀԱՄԱՍ-ի զինյալի ձեռքը, իսրայելցի կինը պատասխանել է.«Որովհետև նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում»:
Կնոջ դուստրը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շերոն Լիֆշիցը, մոր անունից պատմել է. «Մայրիկս ասում է, որ նրանք շատ լավ և զգույշ են եղել իրենց հետ և հոգացել են նրանց բոլոր կարիքները»։
Յոչևեդի պատմելով՝ միայն կանանց պարագայում չէ, որ ՀԱՄԱՍ-ի անդամները խնամքով են վերաբերվել պատանդներին:
«Տղամարդկանցից մեկը ճանապարհին մոտոցիկլետով վթարի հետևանքով ծանր վիրավորվել էր, նրան օգնություն են ցուցաբերել բուժաշխատողները։ Նրան մաքուր վայրում էին պահում, շատ էին մտահոգվում նրա համար», - պատմել է կինը։
Ե՛վ Յոչևեդը, և՛ Նուրիտը առևանգվել են Կիբուց Նիր Օզ համայնքի իրենց տներից հոկտեմբերի 7-ի անակնկալ հարձակման ժամանակ, մինչդեռ նրանց ամուսինները մնում են Գազայում որպես պատանդ:
Աղջիկը պատմել է, որ իր մորը Գազա են տարել ստորգետնյա թունելներով:
«Գետնի տակ թունելների հսկայական ցանց կա, այն կարծես սարդոստայն լիներ», - ասել է նա։
«Երբ նրանք տեղ են հասել, մտել են մեծ սրահ, որտեղ հավաքված էր մոտ 25 պատանդ։ Երկու-երեք ժամ հետո նրանցից հինգին տարել են առանձին սենյակ։ Մայրս պատմել է, որ իրենց հետ շատ բարյացակամ են եղել, խնամել են, դեղ են տվել։ Նրանք տվել են պիտա հաց, պանիր: Դա նրանց կերակուրն էր ամբողջ օրվա համար», - հավելել է աղջիկը։










