Հայաստանը, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, համաձայնել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ Միրզոյան

18:51 • 25.10.23

Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը, ինչի մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը սահմանված կարգով, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը և համաձայնությունը։

Կդժվարանամ ասել, թե Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է։ Այնուամենայնիվ, դա իրենց անելիքն է, բայց նրանք ցանկացած փուլում համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ տարբեր երկրների կողմից հետաքրքրություն կա Սյունիքի մարզում հյուպատոսություններ բացելու։

«Իրանի Իսլամական հանրապետությունն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին, կան էլի երկրներ, ում հետ այդ խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա այդ երկրները բացահայտել։

Անշուշտ, միջազգային ներկայությունը նպաստում է տվյալ մարզի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց, այո, նաև քաղաքական ուղերձներ է պարունակում»,- ասել է Միրզոյանը։

 Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։